Չանցկացված պարապմունքների գումարն են ուզում
07.04.2020 | 00:20
Երևանի թաղապետարաններին կից գործող մանկական արվեստի որոշ դպրոցների վրա, արտակարգ դրությունը, ըստ երևույթին, չի ազդել: «Իրատեսը» մի քանի դպրոցից ահազանգ է ստացել, որ տնօրենները ծնողներին ստիպում են վճարել մարտ ամսվա պարապմունքների համար, որոնք տեղի չեն ունեցել: Նոր Նորքի թաղապետարանում գործող արվեստի կրթօջախում, օրինակ, նախորդ ամիս երեխաները մեկ-երկու պարապմունք են արել, բայց տնօրենը ծնողներին հորդորել է օր առաջ վճարել ամսական գումարը: «Երեխաս նախորդ ամիս մեկ պարապմունքի է գնացել, բայց տնօրենն ասում է՝ գումարը պետք է վճարել ըստ սահմանված կարգի, այսինքն՝ մինչև ապրիլի 5-ը: Մենք իհարկե չենք վճարել, որովհետև ինչպե՞ս վճարես մի բանի դիմաց, ինչից չես օգտվել: Այնպես չէ, թե ուսուցիչներից կամ պարապմունքների որակից դժգոհ ենք, բայց արդար չէ, երբ երեխան տանն է, որևէ բան չի անում, բայց պետք է վճարես: Եթե հանրակրթական դպրոցում դասերը հեռավար եղանակով են անում, ապա արվեստի դպրոցները դրա հնարավորությունն էլ չունեն»,- մեզ հետ զրույցում ահազանգեց ծնողներից մեկը:
Նմանատիպ խնդրի առաջ են կանգնել նաև ուսանողները: Մի քանի բուհերի որոշ ֆակուլտետների դեկաններ ուսանողներին վախեցնում են՝ եթե մինչև ապրիլի 15-ը չվճարեն վարձերը, ապա կարող են դուրս մնալու վտանգի առաջ կանգնել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել էր, որ այս տարի ուսվարձերը վճարելու առումով որոշակի վերապահումներ կլինեն, ինչը սակայն որոշ դեկանների չի հասել: Կամ էլ նրանք փորձում են Հռոմի պապից առավել կաթոլիկ լինել, ու բուհի ղեկավարությանը ցույց տալ, թե ինչ «պատասխանատվությամբ» են իրենց պարտականությունները կատարում: Համընդհանուր լարված ու զգայուն այս ֆոնին՝ պետք է առավել քան ըմբռնող լինել: Այս օրերին բոլորն էլ ֆինանսական խնդիրներ ունեն, իսկ չկատարած ծառայության դիմաց վճար ուզելն այդքան էլ գեղեցիկ չէ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ